28 oct 2008
ՀԱՄԱԶԱՍՊ
ՀԱՄԱԶԱՍՊ (ՀԱՄԱԶԱՍՊ ՍՐՎԱՆՁՏՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ)
Ծնվել է 1873-ին Վանում:Ազգային-ազատագրական շարժման գործիչ:Բանահավաք Գարգեգին եպիսկոպոս Սրվանձտյանի եղբոր որդին:Եղել է արմենական,ապա` ՀՀԴ կուսակցության անդամ:Նախակրթականն ավարտելուց հետո սովորել է արհեստներ (ոսկերիչ,ժամագործ): Վաղ հասակից ներգրավվել է ազատագրական շարժման մեջ:Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` հեռացել է Վանից,անցել Երևան,Շուշի:Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին (քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905-ի օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում,երբ 200 հոգուց բաղկացած թուրք. ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը):
1906-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշպանությունը թաթար. ոտնձգություններից: 1908-ին ցարական կառավարությունը դաշնակցական գործիչների հետ ձերբակալել է Համազասպին,դատապարտել մահվան,սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր): 1913-ին փախել է բանտից,անցել Եվրոպա,ապա` Կ. Պոլիս:
1914-ին Կարինում կայացած ՀՀԴ կուսակցության VII ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության:Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կովկասում մասնակցել է հայկական կամավորական շարժմանը,նշանակվել 3-րդ գնդի հրամանատար:
Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի:Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը:Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորականներից,հուլիսին կռվել Բիթլիսի ուղղությամբ,հոկտեմբերին հաջող արշավանք ձեռնարկել Խիզան:
1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի ոստիկանության հրամանատար (մինչև ռուս. զորքերի կողմերից Կովկասյան ռազմաճակատը լքելը): 1918-ին կռվել է Բաքվի կոմունայի համար,իբրև Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատար դրսևորել ռազմավարի,հմուտ կազմակերպչի կարողություններ,վճռական դեր կատարել դեպի Գանձակ և Եվլախ հարձակվող. գործողություններում և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը:Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան: 1918-ի աշնանը (առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան,նշանակվել Նոր Բայազետի շրջ. զորամասերի հրամանատար,մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920-ի մայիսյան ապստամբության ճնշմանը: 1921-ին,Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո,զինկոմ Ա. Նուրիջանյանի (որի հետ մտերմացել էր Բաքվում,1918-ին) հրավերով եկել է Երևան,նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցելու մտադրությամբ,ձերբակալվել է և Երևանի բանտում կացնահարվել:
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
No hay comentarios:
Publicar un comentario