28 oct 2008

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ


ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ [1865,ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ-1927,ՉԻԿՈ(ՍԱԿՐԱՄԵՆՏՈՅԻ ՄՈՏ,ԱՄՆ]


Ազգային-ազատագրական շարժման գործիչ,զորավար:Սովորել է Մուշեղյան վարժարանում:Զինագործարանի բանվոր է եղել Կ.Պոլսում,ապա աշխատել է Ռումինյայում:Վերադառնալով հայրենիք` աշխատել է որպես ատաղձագործ,մասնակցել է հաս.կյանքին:1891-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը,ապա (հավանաբար մեկ տարի անց)` ՀՀԴ կուսակցության անդամ(որից հեռացել է առաջին անգամ 1907-ին,վերականգնվել 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին,ինչի մասին հայտարարել է մամուլում):

XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է հայդուկային շարժմանը,նախ` շարքային հայդուկ,ապա` տասնապետ,խմբապետ` Աբրոյի,Գուրգենի,Աղբյուր Սերոբի խմբերում:
Զենք ձեռք բերելու,ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում,Յալթայում,Թիֆլիսում,Կարսում,Ալեքսանդրապոլում,Բաթումում,Էջմիածնում,Երևանում,Նախիջևանում,
Թավրիզում,Սալմաստում:
Համագործակցել է ազատագրական շարժման գործիչներ Հրայրի,Նիկոլ Դումանի,Մեծն Մուրադի հետ:Աղբյուր Սերոբի մահից(1899) հետո (որի մահվան վրեժը լուծել է ` սպանելով նրան սպանող Բշարե Խալիլին):
Անդրանիկը Վասպուրականում և Սասունում գործող հայդուկային խմբերով մասնակցել է թուրք. կանոնավոր զորքերի և քրդական հրոսակախմբերի դեմ բազմաթիվ մարտերի,հանդես բերել անձն. արիություն և զորավարական հմտություն:Անդրանիկին մեծ համբավ են բերել Առաքելոց վանքի կռիվը (1901) և Աղթամարի կռիվը (1904),որոնց անդրադառնլով ` եվրոպական և ռուսական մամուլը նշել են Անդրանիկի` թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղած հերոսական մարտերի մասին: 1904-ի վերջից Անդրանիկը դուրս է եկել Արևմտյան Հայաստանից,եղել Իրանում,Բաքվում,Թիֆլիսում,հանդիպել տեղերում հայ հաս-քաղաքական շրջանների հետ,ապա հաստատվել Ժնևում:Այնտեղ հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը` <<Մարտական հրահանգներ>> (1906) կանոնագիրքը:

1907-ին տեղափոխվել է Բուլղարիա:Անդրանիկը ուշադիր հետևել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժման զարգացմանը,հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը,դեմ էր երիտթուրքերի հետ դաշնակցականների մերձեցմանը,գտնում էր,որ յուրաքանչյուր այդպիսի քայլ հղի է կործանարար հետևանքներով արևմտահայերի համար(այս տեսակեսը նա արտահայտել է դաշնակցության IV համագումարում,1907-ին,Վիեննայում):
Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը եռանդագին մասնակցել է հայկական կամավոր. վաշտի ձևավորմանը,որը հետագայում Նժդեհի (վաշտի պետն էր) գլխավորությամբ (Անդրանիկը եղել է վաշտի ավագը) մասնակցել է թուրքական զորքերի դեմ մարտերին:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Անդրանիկը մեկնել է Թիֆլիս,նշանակվել հայկական կամավոր 1-ին ջոկատի հրամանատար,որը Կովկասյան ռազմաճակատի ռուս. բանակի կազմում աչքի է ընկել Վանի,Բիթլիսի,Մուշի գրավման ժամանակ,Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ):Հետագայում,վրդովված հայկական կամավորական ջոկատների նկատմամբ ռուսական հրամանատարության անվստահությունից,1916-ի մարտին Անդրանիկը հրաժարական է տվել և հեռացել ռազմաճակատից:1916-1917-ին Թիֆլիսում և Հյուսիսային Կովկասում մեծ աշխատանք է կատարել հայ գաղթականներին բազմակողմանի օգնություն կազմակերպելու գործում,մասնակցել արևմտահայերի I համագումարին,նախաձեռնել <<Հայաստան>> (1917-18) թերթի հրատարակումը: 1918-ի հունվ. Էրզրումի ամրացված շրջանը թուրքական հարձակումից պաշտպանելու համար Անդրանիկը նշանակվել է նոր ձևավորված Հայկական բանակային կորպուսի երկրապահ դիվիզիայի հրամանատար:Նույն ամսին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը Անդրանիկին շնորհել է գեն-մայորի կոչում:Կովկասյան ռազմաճակատի փլուզման,ռուսական զորքերի հեռանալու,թուրքական գերակշիռ ուժերի հարձակման պայմաններում Անդրանիկի դիվիզիան հարկադրված նահանջել է Կարս-Ալեքսանդրապոլ-Վորոնցովկա ուղղությամբ,դիրքավորվել Ջալալօղլիում` խնդիր ունենալով արգելել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երևան:
Հունիսին Հայկական առանձին հարվածային ջոկատը(Անդրանիկը հրամանատար նշանակվեց ապրիլին) նահանջել է Դիլիջան-Սևան-Նոր Բայազետ-Սելիմի լեռնանցքով դեպի Ջուլֆա և Խոյ(Իրան)` Հյուսիսային Իրանում կուտակված հայ գաղթականներին,ինչպես նաև Վանի հայ բնակչությանը օգնելու նպատակով:Հանդիպելով թուրքական զորքերի դիմադրությանը` Անդրանիկի ջոկատը վերադարձել է Նախիջևան` այն հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս. Անդրանիկի Բաքվի կոմունայի ղեկավար Ս. Շահումյանին հեռագրել է,որ իր ջոկատը դնում է Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության տակ:

Բարդ իրավիճակում Անդրանիկը անցել է Գորիս,սպա` Սիսիան,որտեղ տեղավորել է իր զորամասն ու նրա հետևից եկող հայ գաղթականներին: 1918-ի նոյեմբերին իր ջոկատով անցել է Ղարաբաղ` թուրքերից և մուսավաթականներից այն պաշտպանելու համար,բայց Կովկասում անգլիական հրամանատարության պահանջով(որը խոստանում էր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով) Անդրանիկը հետ է դարձել:

Հուսախաբվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և գժտվելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` Անդրանիկը 1919-ի ապրիլին իր զորամասը բերել է Էջմիածին,զորացրել այն,իսկ ինքն անցել արտասահման:Գտնվելով Ֆրանսիայում,ապա` Անգլիայում` Անդրանիկը ծրագրեր է մշակել Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու համար:
1922-ից ապրել է ԱՄՆ-ում,շարունակել օգնությունը սփյուռքահայերին,կոչ արել միավորել բոլոր հայերի ուժերը` ժողովրդի բաղձալի նպատակներին հասնելու համար:Անդրանիկը մահացել է Չիկո կուրորտային վայրում,թաղվել Ֆրեզնոյում: 1928-ին Զորավար Անդրանիկի աճյունը տեղափոխվել է Փարիզ,ամփոփվել Պեր Լաշեզ գերեզմանատանը:
2000-ին Անդրանիկի աճյունը վերջապես տեղափոխվել է Հայաստան և թաղվել Եռաբլուրի պանթեոնում:Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով են կոչվում փողոցներ,հրապարակներ,նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ:Անդրանիկը հայ ժողովրդի ամենասիրված հերոսներից է,նրա մասին ժողովորդը բազմաթիվ երգեր է հյուսել:

No hay comentarios: