28 oct 2008

ԱՍԱԼԱ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ


ԱՍԱԼԱ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ(ՀԱՀԳԲ)
Ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն:Ստեղծվել է 1975-ին:Նպատակն է ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա,թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը`հայ ժողովրդին:ՀԱՀԳԲ-ի րազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների,պետական պաշտոնատար անձանց,դեսպանատների,հյուպատոսարանների,<<Թուրքական Օդային Գծեր>> ընկերության գրասենյակների,ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ,որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը:

ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից(Սիրիա,Լիբանան,Հունաստան,ԱՄՆ,Ֆրանսիա,Ավստրալիա):ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին,ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին,որոնք զորավիգ են Թուրքիային,և բարեկամ`բոլոր հեղափոխական շարժումներին,սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ:

ՀԱՀԳԲ գտնում էր,որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամուխ լինի սփյուռքի պահանջատիրական խընդրին,Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության:ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին,բարձր գնահատել հայ ազգ-ազատագրական շարժման գործիչներին:

Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին`ռմբակոծելով <<Եկեղեցիների համաշխարհային միության>> կենտրոնատեղին Բեյրութում`նրան ամբաստանելով իբրև Անայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի(ԱՆՉԱ) գործակցի: ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ,այլև ըմբոստության հայ քաղաքական կազմակերպությունները անգորղության հանդեպ:Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին:

1970-ական թթ. 2-րդ կեսին և 1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ վայելում էր Միջին Արևելքի երկրների և այլուր բնակվող սփյուռքահայ երիտասարդների մեծ մասի համակրանքը: 1973-84-ին աշխարհի տարբեր վայրերում ռազմական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա. գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձվել է ՀԱՀԳԲ:1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անակարա,Ստամբուլ,Իզմիր քաղաքներում,Փարիզի Օռլի օդանավակայանում,Բեյրութի թուրքական դեսապանատանը:Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը(մահացել է քաղգկեղից),Ալեք Ենիքոմուշյանն ու Սյուզի Մահսերեջյանը(վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս),Մարտիրոս Ժամկոչյանը(Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման,ազատ է արձակվել 1991-ին),Վազգեն Սիսլյանը,Գևորգ Գյուզելյանը,Արամ Բասմաջյանը,Հակոբ Ջուլֆայանը(1981-ին իրացործել են <<Վան>> գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը,դատապարտվել են 7 տարվա ազատազրկման,Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում,մյուսները ազատվել են 1986-ին):

Փիեռ Գյուլումյանը(1982-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս),Զոհրապ Սարգիսյանը(զոհվել է 1982-ին,Անկարայի օդանավակայանում,<<Կարին>> գործողության ժամանակ),Լևոն Էքմեչյանը(թուրքերը վիրավոր ձերբակալել են <<Կարին>> զործողության ժամանակ և 1983-ին մահապատժի ենթարկել),Աբրահամ Բասմաջյանը Թովմասյանը(1983-ին դատապարտվել է 30,ամյա բանտարկության),Մկրտիչ Մատարյանը(զոհվել է 1983-ին,Ստամբուլում,<<Հակոբ Հակոբյան>> գործողության ժամաակ),Վարուժան Կարապետյանը,Սիմոն Նայիրյանը(Սոներ Նայիր),Հովհաննես Սեմերջյանը(դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության`Փարիզի Օռլի օդանավակայանում 1983-ին ռումբ պայթեցնելու համար,Հ. Սեմերջյանը ազատ է արձակվել 1990-ին,Ս.Նայիրյանը`1994-ին,Զավեն Պետրոսյանը(1983-ին Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման,ազատվել է հինգուկես տարի հետո),Նշան Դանիելյանը(1983-ին ձերբակալվել է Բեյրութում,ազատվել է 1986-ին),Սուրիկ Գրիգորյանը(զոհվել է 1984-ին Թեհրանում` հակաթուրքական գործողության ժամանակ),Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը(1981-ին գնդակահարվել են իրանական բանտում),Վարդան Շրիվանյանը(1985-ին գնդակահարվել է իրանական բանտում):

1980-ական թթ. սկզբին իսրայելական բանակի` Լիբանան ներխուժելու,Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի(Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին նատնելու,ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի,մատնությունների,թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ.զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը(Հոլանդիայում),Գառնիկ Վահրադյանը(Աթենքում),Մինաս Սիմոնյանը(Բեյրութում),Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը(Լիբանանում),Հայկական Ժողովրդային Շարժման(ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ:



1984-ից մինչև 1991-ի դեկտեմբերի 19-ը,երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդը,ՀԱՀԳԲ հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել:Ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում` արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ:1988-ից ԼՂԻՄ-ի հարցում,ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած է խորհրդային կառավարության նկատմամբ պահանջարկների դիրքերում:

1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը,որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը`առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները: ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ <<Հայաստանը>>(1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով`հայերեն,արաբերեն,անգլերեն,ֆրանսերեն,թուրքերեն:1991-ից միայն հայերեն`<<Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը>> և <<Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի>> նշանաբաններով:

ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


Գործողություն,որի նպատակն էր պատժել 1915-ի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք. պարագլուխներին:[Կոչվել է վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի (Նեմեզիս,Նեմեսես) անունով]:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո երիտթուրք. կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով դուրս են բերվել Կ.Պոլսից և տարվել Գերմանիա: Օսմ. կայսրության 1918-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Մություն և առաջադիմություն» կուսակցության և թուրք. կառավարության պարագլուխներ Թալեաթը,Էնվերը,Նազիմը,Ջեմալը,Բեհաէդդին Շաքիրը և ուր. մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու,հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան:


1919-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրք. պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն,որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: Նեմեսիս գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են Պատասխանատու մարմին (ղեկավար`Արմեն Գարո) և Հատուկ Ֆոնդ (ղեկավար`Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը,որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք- վտարանդիական բարձր շրջաններ: Նեմեսիս գորղուղությունը նախապատրաստվել է մանրամասն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին «Ճակատամարտ» (Կ.Պոլիս) և «Դրոշակ»(Բոստոն) թերթերի խըմբագրատները: Վրիժառուների խմբերը (յուրաքանչյուրում 3-5 մարդ) հետապնդում էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում:
Նեմեսիսի ընթացքում կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործուղությունները.




1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921-ի հունիսին Բեռլինում կայացել է Ս.Թեհլերյանի դատավարությունը,և դատարանը արդարացրել է նրան:




1921-ի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռումում սպանել է երիտթուրք. կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:



1922-ի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և «Թեշքիալաթ-ը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):



1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին.այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:



1922-ին կարմիր բանակի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Թուրքիայի նախկին ռազմ. նախարար Էնվերին Տաջիկստանում:Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա:Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդական բասմաչական շարժումը:



1920-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին,Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության նախկին հիմնադիր: Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը:



1921-ի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կ.Պոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմ. Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել:


Նեմեսիս գորղողության ժամանակ նաև դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.



1920-ին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կ.Պոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:


1920-ի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կ.Պոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կ.Պոլսի հայ մտավորականների ցուցակ որոնք սպանվեցին 1915-ին:


1914-ին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում,Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ


ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (ԳԱՐԵԳԻՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)


Ծնվել է 1886 թվականին Կզնուտ գյուղում,Նախիջևանի գավառում:Ռազմական և պետական գործիչ:ՀՀԴ կուսակցության անդամ:Սովորել է Նախիջևանի քաղաքային դպրոցում,Թիֆլիսում ավարտել է միջնակարգ դպրոց (1902),ապա ընդունվել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակ. (1904-ին դուրս է եկել), 1907-ին ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը: 1909-ին Կովկասում ցարական ոստիկանությունը ձերբակալել է Նժդեհին: 1911-ին անցել է Բուլղարիա: 1912-ին Անդրանիկի հետ կազմակերպել է հայկական կամավորական գունդ,որը բուլղարական բանակի շարքերում 1913-ին մարտնչել է Թուրքիայի դեմ:Բարձր գնահատելով հայերի ծառայությունը Բալկանյան պատերազմում` բուլղարական կառավարությունը Նժդեհին արժանացրել է սպայական խաչի:


1914-ին տեղափոխվել է Թիֆլիս,զինվորագրվել հայկ. կամավոր. շարժմանը,նշանակվել կամավոր. 2-րդ գնդի հրամանատարի տեղակալ: 1916-ի մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին:Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից զբաղվել է ազգ. բանակի կազմակերպման և ուսուցման գործով:
1919-ի օգոստոսից` Զանգեզուրում զինված ուժերի հրամանատար:Զորավար. տաղանդը դրսևորել է հատկապես 1919-ի նոյեմբ. Զանգեզուրի վրա հարձակման ժամանակ թուրք-թաթար. զորքերին կազմակերպված դիմադրություն ցույց տալիս (այստեղ ստացել է գնդապետի կոչում):
Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև 1920-ի օգոստ. 10-ին կնքված համաձայնագիրը (որով կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը,Զանգեզուրը և Նախիջևանը) և շարունակել է պայքարը,իսկ հոկտ. 10-ին սկսվել է համազանգեզուրյան ապստամբությնունը Նժդեհի գլխավորությամբ: Նոյեմբերի 21-ին կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920-ի դեկտեմբերի 25-ին ընտրվել է <<Ինքնավար Սյունիքի>> (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ` դիկտատորի լիազորություններով: 1921-ի Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո,հուլիսին Նժդեհը անցել է Պարսկաստան,ապա` Բուլղարիա,որտեղ ամուսնացել է Եֆիմեի հետ:


1923-ին սկսել է հրատարակել տարբեր թերթերում իր մտքերը տարբեր կռիվների մասին բոլշեվիկների ու թուրքերի դեմ:Գրել է <<Ինչու՞ դիմադրեցի խորհրդային զորքերին>> գիրքը:
1923-1925 թթ. հրատարակել է «Հայրենիք» թերթը Բոստոնում (ԱՄՆ): 1924-1925 թթ. հրատարակել է «Հայաստան» թերթը Պլովդիվում (Բուլղարիա):
1924-ին լույս են տեսել Նժդեհի հուշերը` «Էջեր իմ օրագրեն»:
1926-ին Նժդեհը տեղափոխվել է ԱՄՆ,որտեղ համագործակցել է Կոպեռնիկ Թանդրճյանի հետ,որին հանձնարարել էին սպանել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար Բեյին:Մուխտարը մասնակցել էր ակտիվորեն Հայոց Մեծ Եղեռնին:
Երկար ժամանակ Գարեգին Նժդեհը համախմբավորել և օգնություն է ցույց տվել հայ գաղթականներին ԱՄՆ-ում:

1944-ին խորհրդային զորքերը մտել են Բուլղարիա և Նժդեհին ձերբակալել են,տեղափոխել Մոսկվա,հետո Լյուբլյանկայի բանտ: 1946-ին նրան տեղափոխել են Երևան,որտեղ դատապարտել է 25 տարվա բանտարկության:Նժդեհի կինն ու երեխան ապաստանել են Բուլղարիայի Պավլիկենի խաղաքում:

1947-ին Նժդեհը առաջարկել է ԽՍՀՄ կառավարությանը համախմբել բոլոր գաղթականներին Սփյուռքում,օգնել ԽՍՀՄ-ին վերագրավել Արևմտյան Հայաստանը:Կառավարությունը լրջորեն մոտեցավ այս առաջարկին բայց վերջապես այն ժխտեց:
1948-ին Գարեգին Նժդեհին Երևանից տեղափոխել են Վլադիմիր քաղաքի (ՌԽՖՍՀ) բանտը,որտեղ մահացել է 1955-ին:
1983-ին աճյունը գաղտնի տեղափոխվել է Հայաստան և Նժդեհի կտակի համաձայն,մի մասը ամփոփվել Խուստուփ լ. (Կապան) լանջին,մյուսը` Սպիտակավոր եկեղեցու մոտ (Եղեգնաձորի շրջ.):

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ


ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ ԹՈՐՈՍԻ [1865,ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ-1927,ՉԻԿՈ(ՍԱԿՐԱՄԵՆՏՈՅԻ ՄՈՏ,ԱՄՆ]


Ազգային-ազատագրական շարժման գործիչ,զորավար:Սովորել է Մուշեղյան վարժարանում:Զինագործարանի բանվոր է եղել Կ.Պոլսում,ապա աշխատել է Ռումինյայում:Վերադառնալով հայրենիք` աշխատել է որպես ատաղձագործ,մասնակցել է հաս.կյանքին:1891-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը,ապա (հավանաբար մեկ տարի անց)` ՀՀԴ կուսակցության անդամ(որից հեռացել է առաջին անգամ 1907-ին,վերականգնվել 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին,ինչի մասին հայտարարել է մամուլում):

XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է հայդուկային շարժմանը,նախ` շարքային հայդուկ,ապա` տասնապետ,խմբապետ` Աբրոյի,Գուրգենի,Աղբյուր Սերոբի խմբերում:
Զենք ձեռք բերելու,ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում,Յալթայում,Թիֆլիսում,Կարսում,Ալեքսանդրապոլում,Բաթումում,Էջմիածնում,Երևանում,Նախիջևանում,
Թավրիզում,Սալմաստում:
Համագործակցել է ազատագրական շարժման գործիչներ Հրայրի,Նիկոլ Դումանի,Մեծն Մուրադի հետ:Աղբյուր Սերոբի մահից(1899) հետո (որի մահվան վրեժը լուծել է ` սպանելով նրան սպանող Բշարե Խալիլին):
Անդրանիկը Վասպուրականում և Սասունում գործող հայդուկային խմբերով մասնակցել է թուրք. կանոնավոր զորքերի և քրդական հրոսակախմբերի դեմ բազմաթիվ մարտերի,հանդես բերել անձն. արիություն և զորավարական հմտություն:Անդրանիկին մեծ համբավ են բերել Առաքելոց վանքի կռիվը (1901) և Աղթամարի կռիվը (1904),որոնց անդրադառնլով ` եվրոպական և ռուսական մամուլը նշել են Անդրանիկի` թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղած հերոսական մարտերի մասին: 1904-ի վերջից Անդրանիկը դուրս է եկել Արևմտյան Հայաստանից,եղել Իրանում,Բաքվում,Թիֆլիսում,հանդիպել տեղերում հայ հաս-քաղաքական շրջանների հետ,ապա հաստատվել Ժնևում:Այնտեղ հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը` <<Մարտական հրահանգներ>> (1906) կանոնագիրքը:

1907-ին տեղափոխվել է Բուլղարիա:Անդրանիկը ուշադիր հետևել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժման զարգացմանը,հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը,դեմ էր երիտթուրքերի հետ դաշնակցականների մերձեցմանը,գտնում էր,որ յուրաքանչյուր այդպիսի քայլ հղի է կործանարար հետևանքներով արևմտահայերի համար(այս տեսակեսը նա արտահայտել է դաշնակցության IV համագումարում,1907-ին,Վիեննայում):
Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը եռանդագին մասնակցել է հայկական կամավոր. վաշտի ձևավորմանը,որը հետագայում Նժդեհի (վաշտի պետն էր) գլխավորությամբ (Անդրանիկը եղել է վաշտի ավագը) մասնակցել է թուրքական զորքերի դեմ մարտերին:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Անդրանիկը մեկնել է Թիֆլիս,նշանակվել հայկական կամավոր 1-ին ջոկատի հրամանատար,որը Կովկասյան ռազմաճակատի ռուս. բանակի կազմում աչքի է ընկել Վանի,Բիթլիսի,Մուշի գրավման ժամանակ,Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ):Հետագայում,վրդովված հայկական կամավորական ջոկատների նկատմամբ ռուսական հրամանատարության անվստահությունից,1916-ի մարտին Անդրանիկը հրաժարական է տվել և հեռացել ռազմաճակատից:1916-1917-ին Թիֆլիսում և Հյուսիսային Կովկասում մեծ աշխատանք է կատարել հայ գաղթականներին բազմակողմանի օգնություն կազմակերպելու գործում,մասնակցել արևմտահայերի I համագումարին,նախաձեռնել <<Հայաստան>> (1917-18) թերթի հրատարակումը: 1918-ի հունվ. Էրզրումի ամրացված շրջանը թուրքական հարձակումից պաշտպանելու համար Անդրանիկը նշանակվել է նոր ձևավորված Հայկական բանակային կորպուսի երկրապահ դիվիզիայի հրամանատար:Նույն ամսին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը Անդրանիկին շնորհել է գեն-մայորի կոչում:Կովկասյան ռազմաճակատի փլուզման,ռուսական զորքերի հեռանալու,թուրքական գերակշիռ ուժերի հարձակման պայմաններում Անդրանիկի դիվիզիան հարկադրված նահանջել է Կարս-Ալեքսանդրապոլ-Վորոնցովկա ուղղությամբ,դիրքավորվել Ջալալօղլիում` խնդիր ունենալով արգելել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երևան:
Հունիսին Հայկական առանձին հարվածային ջոկատը(Անդրանիկը հրամանատար նշանակվեց ապրիլին) նահանջել է Դիլիջան-Սևան-Նոր Բայազետ-Սելիմի լեռնանցքով դեպի Ջուլֆա և Խոյ(Իրան)` Հյուսիսային Իրանում կուտակված հայ գաղթականներին,ինչպես նաև Վանի հայ բնակչությանը օգնելու նպատակով:Հանդիպելով թուրքական զորքերի դիմադրությանը` Անդրանիկի ջոկատը վերադարձել է Նախիջևան` այն հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս. Անդրանիկի Բաքվի կոմունայի ղեկավար Ս. Շահումյանին հեռագրել է,որ իր ջոկատը դնում է Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության տակ:

Բարդ իրավիճակում Անդրանիկը անցել է Գորիս,սպա` Սիսիան,որտեղ տեղավորել է իր զորամասն ու նրա հետևից եկող հայ գաղթականներին: 1918-ի նոյեմբերին իր ջոկատով անցել է Ղարաբաղ` թուրքերից և մուսավաթականներից այն պաշտպանելու համար,բայց Կովկասում անգլիական հրամանատարության պահանջով(որը խոստանում էր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով) Անդրանիկը հետ է դարձել:

Հուսախաբվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և գժտվելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` Անդրանիկը 1919-ի ապրիլին իր զորամասը բերել է Էջմիածին,զորացրել այն,իսկ ինքն անցել արտասահման:Գտնվելով Ֆրանսիայում,ապա` Անգլիայում` Անդրանիկը ծրագրեր է մշակել Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու համար:
1922-ից ապրել է ԱՄՆ-ում,շարունակել օգնությունը սփյուռքահայերին,կոչ արել միավորել բոլոր հայերի ուժերը` ժողովրդի բաղձալի նպատակներին հասնելու համար:Անդրանիկը մահացել է Չիկո կուրորտային վայրում,թաղվել Ֆրեզնոյում: 1928-ին Զորավար Անդրանիկի աճյունը տեղափոխվել է Փարիզ,ամփոփվել Պեր Լաշեզ գերեզմանատանը:
2000-ին Անդրանիկի աճյունը վերջապես տեղափոխվել է Հայաստան և թաղվել Եռաբլուրի պանթեոնում:Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկի անունով են կոչվում փողոցներ,հրապարակներ,նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ:Անդրանիկը հայ ժողովրդի ամենասիրված հերոսներից է,նրա մասին ժողովորդը բազմաթիվ երգեր է հյուսել:

ՀԱՄԱԶԱՍՊ


ՀԱՄԱԶԱՍՊ (ՀԱՄԱԶԱՍՊ ՍՐՎԱՆՁՏՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ)



Ծնվել է 1873-ին Վանում:Ազգային-ազատագրական շարժման գործիչ:Բանահավաք Գարգեգին եպիսկոպոս Սրվանձտյանի եղբոր որդին:Եղել է արմենական,ապա` ՀՀԴ կուսակցության անդամ:Նախակրթականն ավարտելուց հետո սովորել է արհեստներ (ոսկերիչ,ժամագործ): Վաղ հասակից ներգրավվել է ազատագրական շարժման մեջ:Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` հեռացել է Վանից,անցել Երևան,Շուշի:Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին (քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905-ի օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում,երբ 200 հոգուց բաղկացած թուրք. ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը):


1906-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշպանությունը թաթար. ոտնձգություններից: 1908-ին ցարական կառավարությունը դաշնակցական գործիչների հետ ձերբակալել է Համազասպին,դատապարտել մահվան,սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր): 1913-ին փախել է բանտից,անցել Եվրոպա,ապա` Կ. Պոլիս:
1914-ին Կարինում կայացած ՀՀԴ կուսակցության VII ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության:Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կովկասում մասնակցել է հայկական կամավորական շարժմանը,նշանակվել 3-րդ գնդի հրամանատար:
Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի:Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը:Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորականներից,հուլիսին կռվել Բիթլիսի ուղղությամբ,հոկտեմբերին հաջող արշավանք ձեռնարկել Խիզան:


1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի ոստիկանության հրամանատար (մինչև ռուս. զորքերի կողմերից Կովկասյան ռազմաճակատը լքելը): 1918-ին կռվել է Բաքվի կոմունայի համար,իբրև Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատար դրսևորել ռազմավարի,հմուտ կազմակերպչի կարողություններ,վճռական դեր կատարել դեպի Գանձակ և Եվլախ հարձակվող. գործողություններում և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը:Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան: 1918-ի աշնանը (առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան,նշանակվել Նոր Բայազետի շրջ. զորամասերի հրամանատար,մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920-ի մայիսյան ապստամբության ճնշմանը: 1921-ին,Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո,զինկոմ Ա. Նուրիջանյանի (որի հետ մտերմացել էր Բաքվում,1918-ին) հրավերով եկել է Երևան,նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցելու մտադրությամբ,ձերբակալվել է և Երևանի բանտում կացնահարվել:

ԳՈՒՐԳԵՆ

ԳՈՒՐԳԵՆ (ԲԱՂԴԱՍԱՐ ՄԱԼՅԱՆ)



Ծնվել է 1873 թվականին Վերին Ագուլիսում (Գողթան գավառում):Ազգային-ազատագրական շարժման գործիչ:ՀՀԴ կուսակցության անդամ:Կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում:

1894-96-ին ծառայել է ռուս. բանակում: 1987-ի հուլիսին Վազգենի հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան` Բերկրիում,Սպահան լճի մոտ հերոսական կռիվներ մղել քրդերի դեմ:Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապսամբության կազմակերպման աշխատանքներին,համագործակցել է Հրայրի հետ:Բիթլիսում կազմակերպել է հայատյաց ոստիկանապետ Հիլմիի սպանությունը:Քաջությամբ աչքի է ընկել 1896-ի Կետի և 1898-ի Կոփի կռիվներում:

1898-99-ին գործել է նաև Մշո դաշտում,Սասունում:Գուրգենը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով` նախապատրաստել է ընդհանուր ապստամբության:Մշո Ցրոնք գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում 1899-ին:Թաղված է Մուշի Ս. Մարինեի թաղի գերեզմանոցում:

ՎԱՐԴԳԵՍ ՍԵՐԵՆԿՅՈՒԼՅԱՆ

ՎԱՐԴԳԵՍ ՍԵՐԵՆԿՅՈՒԼՅԱՆ (1871,Կարին-1915,Ուրֆա)

Ազգային-ազատագրական շարժման գործիչ:ՀՀԴ կուսակցության անդամ:Սովորել է Կարինի Արծնյան,ապա` Սանասարյան վարժարաններում:Եղել է 1890-ի Կարինի ցույցերի կազմակերպիչներից,որի համար ձերբակալվել է:1892-ից,բանտից ազատվելուց հետո,անցել է Կ.Պոլիս:Մասնակցել է օսմ.բանկի գրավման նախապատրաստական աշխատանքներին:
Գործել է Բուլղարիայում,Թիֆլիսում,Ալեքսանդրապոլում,Կարսում,1901-ից` Վանում:Իր գործունեության ընթացքում խուսափել է մասնակի կռիվներից և գաղտնի նախապատրաստվել է ընդհանուր ապստամբության(Հրայրի հետ կազմել է ապստամբության կանոնագիրք):

Գործակցել է արմենականների հետ:Հաջողության է հասել հայ-քրդական համագործակցության հարցում:1903-ին Վանում ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության:
1908-ին ազատվել է բանտից և անցել Կարին,որտեղ և ընտրվել է օսմանյան խորհրդարանի երեսփոխան:1915-ին թուրքերը ձերբակալել են,տարել Ուրֆա,որից ոչ հեռու` Գարաքեոփրի վայրում խոշտանգել և սպանել են:

ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ


ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ (ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՐՈՅԻ)


Ծնվել է 1870 թվականին Մկթենք գյուղում,Սասունի Փսանք գավառում:
Ազգային-ազատագրական շարժման գործիչ,ֆիդայի:ՀՀԴ կուսակցության անդամ:Սովորել է Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցում (1886-1888): 1880-ական թթ. վերջին գործել է Արաբոյի` Տարոնում առաջին հայդուկային խմբում:

1890-94-ին համագործակցել է Միհրան Տամատյանի և Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրադ) հետ:Մասնակցել է Սասունի 1891-94-ի ինքնապաշտպանման մարտերին (հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռիվներում),ձերբակալվել և արգելափակվել է Բիթլիսի,ապա` Մուշի բանտերում: 1869-ին փախչելով բանտից` ապաստանել է Սասունում,միացել Գուրգենին և Հրայրին:Աղբյուր Սերոբի սպանությունից (1899) հետո կազմակերպել է մատնիչ Ավեի (1900),ապա Անդրանիկի հետ` Խալիլ բեյի սպանությունը:


1900-1901-ին մղել է մի շարք կռիվներ (Բերդակի,Նորշենի ևն),որոնք կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ:Ղեկավար մասնակցություն է ունեցել 1901-ի նոյեմբերին Առաքելոց վանքի կռվին, 1904-ի Սասունի ապստամբությանը (Սասունի հվ. ճակատի հրամանատար):Ապստամբության պարտությունից հետո անցել է Վան,սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904-ի օգոստ.) հետո,որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ վերադարձել է Տարոն:

1905-ին մղել է Խարսի,Ալվառինջի կռիվները: 1906-1907-ին գործել է Ռ.Տեր-Մինասյանի հետ:Մեծ ջանքեր է գործադրել հայ-քրդ. համագործակցության ստեղծման համար:Գևորգ Չավուշի մղած հայդուկային կռիվներն (շուրչ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով:Չավուշը հակված է եղել հայդուկային պայքարին,սակայն չի հակադրվել ընդհանուր ապստամբության գործիչներին և հնազանդվել է նրանց որոշումներին:

Զոհվել է Սուլուխի նշանավոր կռվի ժամանակ, 1907-ին:Թաղված է Մուշում:Գևորգ Չավուշը հայ ազգ-ազատագրական շարժման փառաբանված հերոսներից է,ժողովուրդը երգեր է հյուսել նրա մասին:

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ


ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ (ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)



Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում:
Ազգային-ազատագրական շարժման գործիչ:ՀՀԴ կուսակցության անդամ:Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887):Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896-ին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում:Մասնակցել է 1894-1896-ի Դերիկի կռիվներին:Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը:

1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան: 1896-ի Վանի <<մեծ դեպքից>> հետո հղացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդ. մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը:Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ:Հետո անցնելով Կովկաս` ապրել է Բաքվում: 1904-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության,սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել:

1905-ի հայ-թաթար ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը,կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը:Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության: 1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին:Իրան. հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը:Այնուհետև վերադարձել է Կովկաս,եղել Արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում:

Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով,որ չի կարող մասնակցել 1914-ին սկսված պատերազմում հայկական կամավոր. շարժմանը,ինքնասպան է եղել,Բաքվում:

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ


ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ (ՍԵՐՈԲ ՓԱՇԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ)


Ծնվել է 1864 թվականին Սոխորդ գյուղում,Խլաթի գավառում:
Ազգային-ազատագրական շարժման գործիչ,ֆիդայի:ՀՀԴ կուսակցության անդամ:Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` 1891-ին հեռացել է ծննդավայրից,եղել Կ.Պոլսում,Ռումինիայում: 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ,կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը: 1897-ին կռվել է Թեղուտում և Սոխորդում: 1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը,ուստի ապաստանել է Սասունում: Աղբյուր Սերոբի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով:


1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Սերոբին,սակայն,մինչև վերահաս մահը,իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված,նա դիմադրել է թուրքերին: Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը` Սոսեն,սպանվել են որդին և երկու եղբայրները:Զոհվել է Գելիեգուզանում,1899-ին:Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում,մարմինը` Գելիեգուզան գյուղում:

ՀՐԱՅՐ


ՀՐԱՅՐ,ԴԺՈՂՔ ՀՐԱՅՐ,ՈՒՐՎԱԿԱՆ (ԱՐՄԵՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ)


Ծնվել է 1864-ին Սասունի գավառի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում:Ազգային-ազատագրական շարժման գործիչ:Սովորել է Տարոնի Ղըզլաղաջ գյուղի Մշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցներում և Միացյալ ընկերության վարժարանում:
Եղել է ուսուցիչ,մոտիկից ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին և 1890-ից ներգրավվել հայ ազատագր. շարժման մեջ: 1891-94-ին Սասունում պայքարել է քուրդ և թուրք հրոսակների դեմ,դարձել Սասունի ազատագրական շարժման ղեկավարներից:


Հրայրը դեմ էր հայդուկային անժամանակ ելույթներին և կողմնակից` նախապատրաստված ընդհանուր ժողովրդական ապստամբության: 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու: 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ մարտիկների հետ (նրանց թվում` Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերդարձել Հայաստան:Գործակցել է ազատագր. շարժման գործիչ Թաթուլի (Արամ Արամյան) հետ:


1896-ին Բասենի Իշխնու գյուղում երկուսն էլ ձերբակալվել են և տարվել Կարինի բանտ:Հրայրը ընդանուր ներմամբ ազատվել է,իսկ Թաթուլին կախաղան են բարձրացրել:
1904-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպան. կռիվներին:Ապրիլի 13-ին,երբ թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ,Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը,զոհվել է անհավասար մարտում:Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում:Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին:

27 oct 2008

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ:ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

* * *

Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

* * *

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

* * *

Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)

* * *

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

* * *

Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)

* * *

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

(Լուսին)

* * *

Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

(Հովազ)

* * *

Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)

* * *

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)

* * *

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

(Գարուն)

* * *

Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)

* * *

Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)

* * *

Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)

* * *

Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:

(Սագ)

* * *

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:

(Երկինք)

* * *

Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:

(Նամակ)

* * *

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:

(Արև)

* * *

Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

(Միտք)

* * *

Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:

(Խնոցի)

* * *

Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ:ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի:
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել:

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա...


* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...


ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...


* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...


ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...


* * *
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:


* * *
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:

Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…

— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:

— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:

— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…


* * *
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...


* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...

Ալեքսանդրապոլ, 1891

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ:Բանաստեղծություններ


Բանաստեղծություններ

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով:

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ:

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան:

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի:

1903

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

1902

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի:

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված:

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել:

1891

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի:

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին:

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել:

1892

* * *

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք:

Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում:

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր:

1892

ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին:

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...

Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ:

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին:

1898

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին:

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում:

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում:

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...

1892

ՏՐՏՈՒՆՋ

Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով:

Թաղել եմ նըրանց:Տխուր է ճամփան:
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար:

Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ:

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...

Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով:

1902

* * *

Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի:
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից՝
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում...
Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ:

1892

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ:ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ


ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով:
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր:

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի:Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ:
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև...
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի...
Ու միտք էր անում հըսկան ծերունի:

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին:
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա:
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ:
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք:
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ:
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան:

4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր:
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա:
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես:
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ:
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին:
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ:
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին:
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա:
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա:

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ:
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա:
Ձենով Օհանին ուներ մի չար կին:
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր...
Հո՜ղեմ գըլուխը... ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ...
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի...
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում...
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած:

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր...»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան:
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք:
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ...
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք... »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ:
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել...
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք:
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց:
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի:

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն: — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ:
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր:
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ...
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել:
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ:
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան:

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման:
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր...»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր:
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան:
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք:
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ...
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան...
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք...»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ:
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում:
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել:
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք:
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց:
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ:
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի:

9

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ:
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն:
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան:նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ:
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս:
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում:
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա:
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում:
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի...
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի:

10

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին:
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար:
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր:
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար:
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել...
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց...
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած:
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա...
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ...
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա...
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար:
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար...

11

Գիշերը հասավ, մընացին էնտեղ:
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած:
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում:
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա:
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես:
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին:
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից:
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր:
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան:
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում:
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում...

12

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛:
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից:
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն:
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ:
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր:
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից:

13

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել:
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք:
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան:
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի:
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան:
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին:
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք...

14

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն:
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու...
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման:
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան:
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին:

15

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան:
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ:
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես:
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում:
— Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան:
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում:
— Որտեղ են ուզում... Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում...
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած:
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց:
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին:
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին:
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու:
— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի:
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր...
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ...
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած:
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին:

16

Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան...
Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա:
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի:
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ:
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց:
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք:

17

Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին:
Մըսրա կանայք հեռվից տեսան,
Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն...
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան...
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խնդում ընդհատեցին,
Քըրքըջացին
Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած:
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ:
Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան...
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր:
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր,
Զորք ջարդեցին երեք հարյուր...
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին:
Խընդաց թագվորն իր աթոռին:
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը —
Պարգև քու մեծ հաղթությանը:
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմա ոսկին ու աղջիկներ:
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին.
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին:
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա...
Քո թագավոր, ասավ թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»:
Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավիրեմ,
Հեղեղեմ, բերեմ:

18

Էսպես անհամար զորքեր հավաքեց,
Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր:
Էնքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց — գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ:
Ձենով Օհանին զարմանքը տարավ:
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ:
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն:
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ... հա՜յ, հարա՜յ, եկավ...
— Ինչը՞ հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ...
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ:
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին...
Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին...
Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չտա...
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր..
նա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ:
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
— Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես, չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ:
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահըս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Քու հերըն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես էշ ու շամփո՜ւր...
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ:
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր:
— Հորեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր:
Բան է, թե որ չըտա սիրով,
Աչքը հանիր՝ խըլիր զոռով:

19

Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կռվի համար
Հրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս — բեր տուր...
— Վա՜յ Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քո հոր մահվան տարուց-օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին...
Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես — հըրեն, գընա հանի՛ր:

20

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին.
Ա՜խ, մեր ոսկի գոտին.
Ափսո՜ս թանկ կապեն, որ հագին տարավ,
Ա՜խ, որ հագին տարավ...
Դավիթ բարկացավ,
Ձին քշեց, դարձավ,
Օհանը վախեց,
Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ,
Ա՜խ, Դավիթըս կորավ»:

Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց:
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,
Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ:

21

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա:
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա:
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում...
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր:

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան...
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին:

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ:

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ:

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին:

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում:
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում:

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ:

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին...

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել:
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել:

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա:

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին:

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի:

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես...

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի:

— Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜...

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ:
Որ չըզարթնի էլ հավիտյան:

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին:

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից:

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին:

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից:

Տեսավ Դավթին:լուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով:

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին:
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին:

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց:
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին...

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել:

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա:

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց... ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը:

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա:
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա:

22

Քընեց էն գիշեր Ձենով Օհանը:
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին:

Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից:
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա:

— Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում...
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում:

Քընեց Օհանը:Վերկացավ դարձյալ.
— Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ.
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած:

— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկըն աղմուկով:
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով:

Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր մըսրա աստղը փառահեղ,
Սասմա աստղիկը սուզվեց խավարում:

Զարթնեց վախեցած:—Տունդ քանդվի, կի՜ն:
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր...

23

Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին:

«Մինչև լուսը կըհասցնեմ».
Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին:

Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին:

«Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»:
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին:

Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին:
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին:

«Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին:

24

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին:

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով:

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից:

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի...

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում:

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին...
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր:

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին:
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն...

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք:

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին:
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին:

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին:

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը:

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում:
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում:

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին:
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին:

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ:
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ:

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից:

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան:
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան:

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ:
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ:

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա:

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական:

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան:

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում:

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը:
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին:

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար:

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին:

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու:

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը...

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ:

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին:

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց:

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից:
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից...

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ:
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն:

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից:
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ:

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք:

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր...

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից...

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին:

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման:

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ


ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ


Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ


Բանաստեղծություններ


ՍԻՐՈ ԵՐԳ
Սիրելիք, օգնություն հասե'ք,
Նաչար գլխիս ճար տեսե'ք,
Սրտումս է սիրո բոցը,
Շատ խոր է նորա խոցը,
Հանգցնելու հնար չի կա,
Լավցնելու ճար չի կա:

Բաղչից վարդ քաղել ուզեցի,
Փըշով ձեռքըս ծակեցի,
Անհույս սիրով վառված եմ,
Բռնավորից դաղված եմ.
Աշխարհ աչքիս սևցել է,
Հոգիս մեջը դևցել է.
Ժամ, պատարագ, սրբություն
Ինձի էլ չեն փրկություն:
Աշխարքումըս մի կին էլ
Յարիս թայը չի ծընել.
Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝
Իլել են Զանանիս նըման.
Երկեն բոյը չինարի,
Ինքը տասնըվեց տարի.
Նախշուն աչքը ջեյրանի,
Քեզ պաչողին երանի~,
Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր
Ունեցել են քու թուխ ունքեր,
Սիրուն, նազելի Զիանան,
Աշխարքումըս աննըման:
Ո՞ր թագավոր քու սերեն
Վեր չի գալ յուր աթոռեն,
Ծընկովըդ չի փաթաթվիլ,
Քու սերը չի պաղատիլ:
Աշխարքումըս չե՛ բախտը
Նստել արքայի թաղդը.
Չեմ ուզում ես գանձ ու թագ,
Տվե՛ք անձկալվույս մենակ,
Ոտնախողիդ ես ղուրբան,
Անգին գոհար, իմ Զանան:

ՄՇԵՑՈՑ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴ
Երբոր մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը որդուն մի սըրած
Պիտի դաշույն տա ընծա:

Երբ երեխան մեծանա,
Խաղալիկներու փոխան՝
Հայրը ձեռքը պիտի տա
Մի մահաբեր հըրացան:

Երբոր տըղին վարժատուն
Գա ժամանակ երթալու,
Նախ՝ սուր խաղցնել, և ապա
Պիտ սովրեցնունք կարդալու

Կարդալ-գըրել լավ բան է...
Բայց որ հասավ քննություն՝
Աշակերտին հարցուցե'ք —
Վոթել գիտե՞ նա արյուն:

Լոկ դուք այսպես հուսացեք
Փըրկել խղճուկ Հայաստան...
Ազատ, անկախ մարդ երբեք
Լինելու չէ՛ մուրացկան:

1855

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ:

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես:

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու:

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը:

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ:

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն:

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ:

Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ:

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին:

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից:

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել:

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ:

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ:
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի:

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Քո՛ւն էղիր, պալաս, աչքըդ խուփ արա՛,
Նաշխուն աչքերուդ քուն թող գա վըրա,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:

Օսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան,
Նարոտ կապիլ է ծարեն տեր-պապան.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:

Մավի հիլուններ կախիլ իմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:

Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս,
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:

Դուն ալ քո՛ւն էղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր:
Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
Իմ (այս անունին) քունը կը տանի:

1857

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ
ՀԱՅ ԱՂՋԻԿ
Շուշա՛ն, շուտով դեմքըգ ծածկե', ձյուն դու թվի՛ր մըրոտած.
Տե'ս, սիգաճեմ ման է գալիս հալ աղջիկը մեր կըրթած.
Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!
Այստեղումը бледный են դիփ հա՛մ աղջկունք, հա՛մ կնանիք:
Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ' ոչ ոքին,
Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին:
Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում,
Гвардеец է, լա՛վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տըգետ,
Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет.

Տուն կըմտնի, գըլուխ կըտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք,
Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук!
էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի,
Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորան ըզգալի:
Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով:
Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի ռօման-ը,
Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.
Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար
Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մըխիթար:
Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե
Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է:
Հայո'ց աղջիկ, Հայո՛ց աղչիկ, գնա' առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ:
Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս,
Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս:
Դու փո'րձ փորձե նորից դուր գալ, անույշ ժպտա' ու խոսե',
Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է:
Բայց մի' թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի' ուրանալ.
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.
Բայց զգուշացի'ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ Հային մի' մատնիլ:
Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан-ին, гусар-ին,
Քըսանհինգըդ մոտենում է. Հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին:
Հայո՛ց աղջիկ, Հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիչ:
Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,—
Վընաս չի կա,— подруг-ներըդ դորա համար ճար ունին.
Երբ որ տանն ես՝ մի՛ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ,
Դուրս գնալիս՝ лик-իդ ձըգե' դու կըրկնածալ հաստ вуаль,
Հարցնողներից ուշի-ուշով ծածկե' տարիդ ծընընդյան,
Ու ամենին հավատացո'ւր, որ տասնութ ես տարեկան:

1863

ԳԻՆԻ ԵՎ ՋՈԻՐ
Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի,
Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի' խմիր գինի,
Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց.
Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց.
Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի,
Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի.
Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես,
Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.
Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար,
Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին:
Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը,
Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը.
Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր,
Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր:

1878

ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ
Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան:

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան:

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան:

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան:

Բանուկ ու ճարտար ղուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան:

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ


ԽԱՂԵՐ

* * *

Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի:

Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ հա'մդ ունիս, գոզալ թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի:

Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի'ղ տալու է, ցա'վ տալու չէ.
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի:

Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է:
Բունիաթըս ավաղ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:

Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի.
Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի:

(1753)


* * *

Մեջլումհ պես կորավ յարըս,
Լե'յլի ջան, ման իմ գալի յանա-յանա,
էրվեցավ խունի ջիգհարըս,
Արնի պես աչկս է լալի յանա-յանա, յանա-յանա:

Բլբուլի նման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ,
էշխեմետ հիվանդացիլ իմ,
Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա:

Էշխեմետ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցա, մաշվեցա քիզիդ,
Ռա'հմ արա, մե խոսի միզիդ՝
Բե'մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:

էրվում իմ, կանչում իմ ա~ման.
Ծուցըտ բաղ, ունքիրըտ քաման.
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա -յանա:

Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Ա'չկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա:

(1757)


* * *

Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...»:

Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:

Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն»:

Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն:

Թեգուզ չարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն:


* * *

Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն
Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ.
Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝
Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ:

Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե,
Մե նոքարըն Էրկու աղին ի՞նչ անե,
Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե,
Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ:

Ղուրթ ին ասի փիր ուստաքար ղադիրըն.
«Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն».
Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն.
Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ:

Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն.
Չի'մ անի քալագըն, չի'մ անի ղալըն,
Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն,
Կերթամ ու ման գու քամ վանքիրըն մեմեկ:

Բըլքամ մե մարթ ռաստ գա, վուր ինձ խըրատե,
Գո'զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե.
Կանց յոթըն իմասնասիրացըն շատ է
էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մեմեկ: